2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացնում է 739362 բաժանորդի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում Մեր աշխատանքը Ձեր անվտանգության երաշխիքն է 867 աշխատող
2010 թվականի մարտ ամսին սկսել է գործել ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ի Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը:
Սերվիս կենտրոնը հավատարմագրվել է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
Ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով դեռևս 2007 թվականի սկզբին ՀՀ կառավարության 22.02.2007 թ. N 314-Ն և 31.01.2008 թ. N 330-Ն որոշումներով սահմանվել է գազասպառողների բնակարանների ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր և այրվող գազերի ազդանշանային սարք: Այն նպատակ ունի գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավորինս նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 06.06.2008 թ. թիվ 305 Ա որոշմամբ թույլատրել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ին (ներկայիս "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ) մրցութային կարգով իրականացնել վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքերի ձեռքբերում: Մրցույթում հաղթող է ճանաչվել չինական PUHAI Corporation ընկերությունը և կնքվել է մատակարարման պայմանագիր:
ՀՀ ողջ տարածքում 2008 թվականի դեկտեմբերի 1-ից սկսվել է
անվտանգության համակարգերի տեղադրման բուն գործընթացը: 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ
գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 666 887 ազդանշային
սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր): Հայաստանում գազասպառող բաժանորդների
թիվը 688161 է: 21280 բաժանորդ դեռևս գազ է սպառում առանց բնակարաններում տեղադրվող
անվտանգության համակարգերի: Գործընթացն արագացնելու և ընկերության առջև ծառացած լայնամասշտաբ
ու պատասխանատու խնդիրը պատշաճ որակով լուծելու նպատակով "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ-ում
ստեղծվել է Անվտանգության համակարգերի և միջոցների տեխնիկական սերվիս կենտրոնը, որը
գազասպառող բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված կարևոր օղակ պետք է հանդիսանա:
ՀՀ-ում սույնով իրականացվում են անվտանգության համակարգերի տեղադրման, դրանց սպասարկման
ու երաշխիքային վերանորոգման` նախադեպը չունեցող աշխատանքներ: Ընդ որում, Հայաստանն
առաջինն է ԱՊՀ երկրների ցանցում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ
գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում
է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում: Նշենք նաև, որ ՀՀ-ն ԱՊՀ երկրների
թվում առաջինն է, որտեղ ներդրվել է անվտանգության համակարգերի ստուգման, թեսթավորման
և վերանորոգման` ժամանակակից սարքավորումներով հագեցած տեխնիկական սերվիս կենտրոն:
2008 թվականի դեկտեմբերի 1-ից, անվտանգության համակարգերի առկայությամբ, կանխվել է գազի արտահոսքի մոտ 2000 դեպք: Սա նշանակում է, որ նույնքան ընտանիք, ինչու ոչ, նաև նրանց հարևանները, խուսափել են դժբախտ պատահարներից (թունավորում, պայթյուն), ինչը ենթադրում է նաև մահացության դեպքերի հավանականություն:
Ազդանշային սարքը տեղադրվում է պատին և միացվում էլեկտրասնուցման վարդակին: Գազի արտահոսքի դեպքում այն ձայնային և լուսային ազդանշան է հաղորդում: Անջատիչ կափույրը տեղադրվում է հաշվիչից հետո բնակարան մտնող գազի խողովակի վրա: Կափույրն աշխատում է, երբ ահազանգում է ազդանշանային սարքը (նրանք էլեկտրականությամբ փոխկապակցված են), և գազի մուտքը բնակարան մի քանի վայրկյանից ավտոմատ արգելափակվում է: Անվտանգության սարքերը նույնպես սպասարկում են "Էյ-Ի-Ջի-Սերվիս" ՍՊԸ փականագործները:
Ընկերությունում արձանագրվող կանչերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վթարային իրավիճակները, ներառյալ` թունավորման դեպքերը, ցավոք, հաճախ բնակիչների կողմից անվտանգության սարքերի ինքնական անջատումների հետևանք են:
Սերվիս կենտրոնում գործող հիմնական սարքավորումները թեսթավորման և ախտորոշման ստենդերն են, որոնք նույնպես չինական PUHAI Corporation ընկերության արտադրանքն են և դրանց մոնտաժման, առաջին երաշխիքային ստուգումների ու վերանորոգման աշխատանքներն իրականացվել են չինական կողմից գործուղված մասնագետների աջակցությամբ: Չինացի մասնագետները նաև ուսուցում և վարպետության դասեր են անցկացրել մեր մասնագետների շրջանում:
Անվտանգության համակարգերի` վթարային անջատիչ կափույրների և ազդանշանային սարքերի ախտորոշումն ու թեսթավորումը ընթանում է 3 հիմնական փուլով և 3 համալիր ստենդերի միջոցով: Առանձին ստենդերի միջոցով իրականացվում է անվտանգության համակարգի էլեկտրամագնիսական անջատիչ կափույրի, ազդանշանային սարքի ստուգման, ապա նաև գազազգայուն տարրերի (սենսորներ) փոխարինման աշխատանքները:
Անհրաժեշտության դեպքում ստուգման և վերանորոգման փուլերն անցնելուց հետո ազդանշանային համակարգը հաշվառվում է և փաթեթավորվում, այսինքն, կրկին պատրաստ է շահագործման:
Հաշվառումը ներառում է յուրաքանչյուր ազդանշանային համակարգի վերաբերյալ անձնագրային տեղեկություններ, տեղեկություն տեղադրման օրվա, ստուգումների և վերանորոգումների ամսաթվերի մասին: Այս նպատակով սերվիս կենտրոնում ստեղծվել է համակարգչային տեղեկատվական բազա:
Սերվիս կենտրոնում ձեռք են բերվել նաև շարժական սարքեր, որոնց միջոցով պրոֆիլակտիկ ստուգումներ են իրականացվում տեղում, առանց համակարգը կենտրոն տեղափոխելու: Երբ բնակարանի ազդանշանային սարքը գործում է և բնակիչն ահազանգում է, մասնագետներն այս սարքի միջոցով հենց բնակարանում կարող են որոշել ազդանշանի պատճառը: Անսարքության բացահայտման դեպքում անվտանգության համակարգը փոխարինվում է նորով, իսկ վնասված սարքը բերվում է սերվի կենտրոն` ատուգման և անհրաժեշտության դեպքում` վերանորոգման: Ի դեպ, ազդանշանային սարքի կառուցվածքը ներառում է հիշողության համակարգ (սև արկղ), որտեղ տվյալները պահպանվում են 25 ժամվա ընթացքում: Այսինքն, մասնագետը ներկայանալով բնակարան կարող է աշխատանքային համակարգչի` նոտբուքի համապատասխան ծրագրի միջոցով ազդանշանային սարքից կարդալ, թե ինչ է տեղի ունեցել բնակարանում` շմոլ գազի առկայությու՞ն, մեթանի արտահո՞սք թե՞ սարքի խափանում: